Monday, March 24, 2014

Չղջիկներ


Չղջիկները (թռչող մկներ) միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին: Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք: ՀՀ-ում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում:
Տեսակների մեծ մասը բնակվում է ՀՀ հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում:
Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար: Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թըռչում՝ որսի: Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը: Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում: Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով: Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին:
Ժամանակակից նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար), որը նույնպես գործում է անդրաձայնի սկզբունքով և թանձր մառախուղի ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու ժայռը, այսբերգը (սառցալեռը) կամ այլ կարգի վտանգներ:
Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով: Տարածված են չափավոր կլիմայով վայրերում: Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ: Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի:
Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են: Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով:

No comments:

Post a Comment