Thursday, April 24, 2014

Ագռավներ


Ագռավները կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 100 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում: Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց: ՀՀ-ում տարածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ, կաչաղակ, կարմրակտուց, ալպիական, սովորական ճայեր, սերմնաքաղ:
Բնորոշվում են ամրակազմ մարմնով (երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ):Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն:Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով:
Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու: Ամենակեր են, երբեմն՝ վնասատու: Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով:
Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում: Օգտակար է` որպես բնական սանիտար: Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ:
Ընդունակ է որոշ տրամաբանական  գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր:
Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար բազեի և սպիտակագլուխ անգղի հետ:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում: Աղմկարար վարքով (հատկապես` ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում: Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են: Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես` ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին:
Անտառային կաչաղակը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում: Թեվին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ: Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների (օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը:
Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում:
Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը` սևի ու սպիտակի համադրությամբ: Երևան է թափանցել 1970-ական թվականներին: Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավ, լոր, արտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր: Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ: Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում:
Ալպիական ճայի ՀՀ-ում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին: Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը: Բարձրադիր լեռնային  գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն:
Կարմրակտուց ճայն աղմկարար է, կերակրվում է երամներով, ժայռերի ծերպերին, մարգագետիններում, նոսրանտառներում: Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների (օրինակ՝ հողմավար բազեի) հետ թռիչքային խաղերը, որոնք ժամանցի տպավորություն են թողնում:
Սովորական ճայը լայնորեն տարածված է տափաստաններում և հովիտներում: Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ:
Օգտակար է, որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում:
Երկնակամարի Հարավային կիսագնդի համաստեղություններից մեկը կոչվում է Ագռավի համաստեղություն: Միջին լայնություններում այն երևում է գարնանն ու ձմռանը:

No comments:

Post a Comment