
Ալիգատորներն ապրում են Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասում (միսիսիպյան ալիգատոր) և Հարավային Ամերիկայում: Չինական ալիգատորը հազվագյուտ է և ապրում է Յանցզի գետի ստորին հոսանքներում: Իսկական կոկորդիլոսները հանդիպում են Ասիայի, Աֆրիկայի (նեղոսյան կոկորդիլոս), Ամերիկայի, Ավստրալիայի արևադարձային գոտում, Վեստ Ինդիա, Մալայան կղզեխմբերում և Օվկիանիայում: Գավիալների ընտանիքն ընդգրկում է 1 տեսակ՝ Գանգեսի գավիալը (ապրում է Հնդկաստանի և Հնդկաչինի գետերում):

Այս սողունների աչքերը և ռունգերը դուրս են ցցված գլխի վրա: Ականջի և քթի անցքերը սուզվելիս փակվում են հատուկ փականներով: Բերանի խոռոչում կա երկրորդային քիմք, որը քթի անցուղին բաժանում է բերանի խոռոչից ու դրանով գիշատչին հնարավորություն է տալիս ջրում երախը բաց պահել և միևնույն ժամանակ մթնոլորտային օդ շնչել ջրից դուրս թողած քթանցքերով: Լեզուն ամբողջ երկարությամբ սերտաճած է բերանի խոռոչի հատակին: Որսը կուլ է տալիս ամբողջությամբ, առանց ծամելու, իսկ պարզ կոնաձև ատամները ծառայում են միայն որսը բռնելուն: Թոքերը խոշոր են, ունեն բարդ խորշիկավոր կառուցվածք, որը հնարավորություն է տալիս կուտակել օդի մեծ պաշար և ջրի տակ երկար մնալ: Սիրտը քառախորշ է, փորոքները՝ աջ ու ձախ կեսերի բաժանված: Տեսողությունն ու լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը և շոշափելիքի զգայարանը՝ թույլ:
Կոկորդիլոսները և ալիգատորները կատաղի գիշատիչներ են, որոնք ահ ու սարսափ են տարածում ջրային բնակիչների վրա: Նրանք պատկանում են սողունների հնագույն խմբին, որի ներկայացուցիչները, սկսած դինոզավրերի ժամանակաշրջանից, քիչ են փոփոխության ենթարկվել: Հիմնականում ապրում են ջրում, ցամաք են դուրս գալիս հազվադեպ՝ հանգստանալու, այլ ջրամբար տեղափոխվելու կամ բազմանալու համար: Ցամաքում դանդաղաշարժ են, ջրում՝ շատ ճարպիկ: Կողմնորոշվում են տեսողությամբ և լսողությամբ: Երաշտի ժամանակ խորասուզվում են տիղմի մեջ, քուն են մտնում մինչև անձրևների սկսվելը:
Կոկորդիլոսների հիմնական կերը ձուկն է: Խոշոր ու տարեց անհատները կարող են հարձակվել ավելի մեծ կենդանիների և մարդու վրա:


Խոշոր կոկորդիլոսների և ալիգատորների համար բնության մեջ թշնամիներ չկան. նրանց պաշտպանում է զրահի պես հաստ մաշկը: Սակայն երիտասարդի մաշկը նուրբ է և թանկ է գնահատվում. օգտագործվում է արդուզարդի առարկաներ պատրաստելու համար: Ներկայումս կոկորդիլոսներին բուծում են հատուկ ֆերմաներում՝ կաշվի և նրբախորտիկ համարվող մսի համար: Սողունների այս տեսակներին անհետացման վտանգ է սպառնում, և նրանք պաշտպանության կարիք ունեն:
- Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 8 մ-ի:
- Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:

National Geographic-ը նկարահանել է տեսանյութ, որը մի քանի օրում դիտել է ավելի քան 20 մլն մարդ: Բրազիլիայում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է հովազը հարձակվում է կոկորդիլոսի վրա և կրծում նրա կոկորդը:
No comments:
Post a Comment