Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում:
Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է:

Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ):
ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:
.jpg)
Ձկների բազմացումը
.jpg)
.jpg)
Ձկների զգացողության օրգանները
Միջավայրում ձկները կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, շոշափման և համային զգացողություններով:
Ձկների մեծամասնության աչքերը տեղադրված են գլխի կողքերին, որոնք լայն տեսադաշտ են ապահովում: Նրանցից շատերն օժտված են զարգացած գունային տեսողությամբ, որը կարևոր է բազմացման շրջանում:
.jpg)
Ձկների սնունդը
.jpg)
Բաց ծովերում ապրող ձկների մեծամասնությունը գիշատիչ է. սնվում է տարբեր կենդանիներով՝ մանր ծովախեցգետիններից մինչև այլ ձկնատեսակներ: Որոշ տեսակներ (օրինակ՝ կետանման շնաձուկը) հարմարվել են պլանկտոններով սնվելուն: Շնաձուկը բերանը լիքը լցնում է ջրով, ապա փակում այն և խռիկային անցքերով ջուրը դուրս մղում, իսկ խռիկային աղեղների հատուկ արտացցվածքների օգնությամբ զտված պլանկտոնը կուլ է տալիս: Ծովերում, մեծ խորություններում, ապրում են արտասովոր արտաքինով ձկներ: Նրանք ունեն մեծ բերան ու ատամներ և կարող են կուլ տալ չափերով իրենցից ավելի մեծ որսի: Բայց նրանք հազվադեպ են սնվում, քանի որ մի քանի ամիսը մեկ անգամ է հաջողվում որս անել:
Ձկնամթերք
Ձկնամթերքը սննդային արժեքով չի զիջում մսեղենին և առավել դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր: Ձկան սպիտակուցը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում:
Սննդում օգտագործվող ձկների 20%-ը քաղցրահամ ջրերի, 80%-ը ծովաձկներ են: Ոչ յուղոտ (մոտ 2% ճարպ) ձկներից են ձողաձկները, փրփրուկը, շիղաձուկը, գետի պերկեսը և այլն: Միջին յուղայնություն (2–5% ճարպ) ունեն հարինգները, ծածանը, իշխանը, վոբլան, լոքոն և այլն: Յուղոտ (5–20% ճարպ) են թառափազգիները, սիգը, կետան, սապատաձուկը, ստավրիդան և այլն: Շատ յուղոտ (20%-ից ավելի ճարպ) են խոշոր սայրան, օձաձուկը, խամսան և այլն: Ձկան յուղը հարուստ է վիտամիններով՝ հատկապես A և D, իսկ ձկնամթերքը՝ հանքային նյութերով (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, նատրիում, յոդ, կալիում, ցինկ):
Ձուկը լավորակ է, եթե ծածկված է թափանցիկ լորձով, ամուր կպած թեփուկներով, ունի վառ կարմիր խռիկներ և դուրս պրծած աչքեր, մկանային հյուսվածքն ամուր կպած է փշերին և դժվար է անջատվում:
Ձուկն օգտագործում են նաև մշակած՝ աղ դրած, ապխտած, ծխահարած և այլն: Աղ դրած ձուկը կորցնում է սպիտակուցների, հանքային նյութերի և ջրալույծ վիտամինների որոշ մասը:
ՀՀ ջրերում տարածված ձկներից են իշխանը, կարմրախայտը, սիգը, բեղլուն և կողակը:
Կողակը ծածանաձկների ընտանիքի ձուկ է` միջին չափի, մարմնի երկարությունը 35–40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը` մինչև 2 կգ: Դնչի ստորին մասի անկյուններում կան 1 զույգ կարճ բեղիկներ: Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով, որի օգնությամբ ձուկը սնունդը քերում է ստորջրյա առարկաներից:
Գետերում սեռահասուն է դառնում 3–4, Սևանա լճում՝ 6–7 տարեկանում և ավելի ուշ: Բազմանում է ապրիլ–օգոստոսին՝ ջրի 14օC-ից բարձր ջերմաստիճանում: Ձվադրում է տարվա ընթացքում 2–3 անգամ, դնում մինչև 10–75 հզ. դեղնագույն 1,3–1,5 մմ տրամագծով ձկնկիթ:
.jpg)
Ներկայումս կողակի պաշարները հանրապետությունում զգալի նվազել են, ուստի այն պաշտպանության և վերարտադրության կարիք ունի:
No comments:
Post a Comment