Saturday, March 15, 2014

Գայլ

  Գայլը շատ խորամանկ է և խելացի. նա արագ կռահում է, որ իրեն հետապնդում են և երկար ժամանակով հեռանում է վտանգավոր վայրից:


Գայլը շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Մարմնի երկարությունը 105–160 սմ է, զանգվածը՝ 32–50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ:                                                                                                                                                                      








Ապրում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Բնակվում է տափաստաններում, անապատներում, անտառներում: Տափաստանային և անապատային գայլերն ապրում են գետնափոր բներում կամ զբաղեցնում այլ կենդանիների (աղվես, գորշուկ) լքված բները, անտառայինները՝ որջերում և եղեգնուտներում, լեռնայինները՝ քարանձավներում: Գայլը հիմնականում մոխրագույն է, տունդրայում՝ ավելի բաց գույնի, ձմռանը՝ գրեթե սպիտակ, անտառայինը մուգ է, անապատայինը՝ գորշ շիկակարմիր: Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով (ընտրում է ամենաթույլերին ու ծերերին), շներով, նապաստակներով, մանր կրծողներով:
ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում: Հանդիպում է 1 ենթատեսակ, որը խոշոր է, ունի երկար ու խիտ, բաց գույնի մազածածկ:
Գայլը շատ զգուշավոր է: Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր: Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել: Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության: Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն:
Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով: Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին: Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է: Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը: Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ: Պատահում է, որ նաև մարդկանց վրա են    հարձակվում:
Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է:

   Գայլը օգտակա՞ր է,  թե՞ վնասակար
Երբ գայլը հարձակվում է ոչխարների կամ ընտանի եղջերուների վրա, անշուշտ վնաս է պատճառում: Իսկ երբ ոչնչացնում է հիվանդ կենդանիների, անտառին և նրա բնակիչներին օգուտ է տալիս:

No comments:

Post a Comment