

Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է: Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված:
Իշխանն ունի 4 ենթատեսակ՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ: Ստերջ վճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են: Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով: Միաժամանակ, յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում: Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խխունջներով, զանազան փափկամարմիններով:
Երբ պատրաստվում են բազմանալու, կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, նրանք գունափոխվում են. դառնում են դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում: Այդ շրջանում, որը ձվադրումից հետո տևում է 3–6 ամիս, իշխանը կոչվում է բախտակ« այնուհետև ձուկն ընդունում է իր նախկին տեսքը: Ձմեռային իշխանն ու բոջակը ձվադրում են լճում՝ հոկտեմբեր-մարտին, իսկ ամառային իշխանն ու գեղարքունին բարձրանում են Սևան թափվող գետերի ակունքները և ձվադրում այնտեղ (ամառային իշխանը՝ մայիս-հունիսին, գեղարքունին՝ հոկտեմբեր-հունվարին): Ձվադրման համար էգը ջրի հատակին փոս է փորում, հետո արուի հետ ձկնկիթը ծածկում ավազով ու մանր խճաքարով, ապա հեռանում է: Արուն 2–3 օր պահպանում Է բույնը, այնուհետև լողում էգի մոտ: Իսկ 2–3 ամիս անց ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ իշխանները: Մատղաշը 8–12 ամիս գետակներում ապրելուց հետո իջնում է լիճ:


Ներկայումս միայն արհեստական պայմաններում է աճեցվում և բազմացվում ամառային իշխան. Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում ստեղծվել են ձկնաբուծարաններ:
Իշխանը, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Սևանա լճի մակարդակի իջեցման պատճառով տեղի ունեցած կենսաբանական փոփոխությունների և գերորսի հետեվանքով իշխանի պաշարները ներկայումս խիստ նվազել են:
No comments:
Post a Comment