.jpg)
Խոզերը պատկանում են կաթնասունների դասի երկկճղակավորների կարգի չորոճող կենդանիների ընտանիքին: Հանդիպում են բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Ավստրալիայի և Անտարկտիդայի:



.jpg)
ՀՀ-ում մսատու խոզաբուծությունը կենտրոնացված է հյուսիսարևելյան և Արարատյան դաշտի տարածաշրջաններում: Բացի խոշոր սպիտակից, բուծվում են նաև լանդրաս, ուելս, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան խոզերի ցեղերը:
Դսեղում խոզերը սատկում են, գյուղացիների վարկերը՝կուտակվում

Դսեղցի Հրայր Սահակյանի գոմից ոչխարների ձայն է լսվում. ինձ կանչում է գոմ՝ համոզվելու, որ 30 գոճուց, 3 մայր խոզից, 10 հատ մոտ 40 կգ-ոց «բուրվակից» մնացել է ընդամենը մեկը: «Էսքան աշխատում եմ, սաղ աշունը կովերի կաթը տվել եմ խոզերին, որ էսօր արդյունքի հասնեմ, ոչ էնտեղից եմ օգտվել, ոչ էստեղից, շատ վարկեր ունեմ»,- վշտացած պատմում է Դսեղի բնակիչն ու հավելում, որ մի բանկից 3 մլն դրամ, մյուսից 700 հազար դրամ վարկ է վերցրել, որ խոզերին բազմացնի, ապրեն: «Հարսին ասի` խոզերին լավ հետևիր, որ աշնանը ծախեմ, ոսկի օղեր առնեմ քեզ համար, արի ու տես՝ հարսի ականջի օղերը հանել եմ, տարել գրավ դրել, որ էրեխեքի համար հաց առնեմ»: Երեք շաբաթվա ընթացքում Հրայր Սահակյանը կորցրել է 40-ից ավելի խոզ: Պատճառն անհասկանալի հիվանդությունն է, որը պատուհասել է գյուղի խոզերին: «Ես գոնե յոլագնալիք ունեմ, մարդ կա՝ երեխի կոշիկն ու հացը խոզի միջոցով պիտի լուծեր»,- ասում է Հրայրը: Գյուղացին տղային բանակ է ճանապարհում, խոզ մորթելու փոխարեն հորթ է մորթել:

Հրայրի համագյուղացին՝ Մհեր Մուրադյանը, ևս խոզերի տարբեր սերունդներ է կորցրել: Կերն առել էր, անասնակեր կարտոֆիլն ամբարել, բայց խոզերն անհայտ հիվանդության պատճառով սատկեցին. «Նոր ծնված գոճիները սատկեցին, 8 հատ 30-35կգ-ոց, 3 մայրացու խոզեր սատկեցին, որոնցից 2-ը նոր էին մայրացել: Սկզբում մտածում էի՝ թունավորում կլինի»,- ասում է Մհեր Մուրադյանը: Հիվանդ խոզերի միսն իրացնել չի կարողացել, քանի որ այն տհաճ հոտ է ունեցել: Գոճիներն էլ լցրել է պարկերի մեջ, հերթով հանում է, ցույց տալիս: Մհերը ևս մխրճվել է վարկերի մեջ. 1 մլն դրամ է վերցրել, պիտի բանկին մուծի մոտ 1 մլն 200 հազար դրամ՝ չհաշված ընթացիկ վճարումները, բայց չգիտի՝ ինչպես տակից դուրս գա:
Գյուղի անասնաբույժ Վերգինե Թադևոսյանն, ով մեր այցի պահին բացակայում էր գյուղից, հեռախոսազրույցի ընթացքում ասաց. «Հիվանդությունն էսօրվա դրությամբ պայմանավորված է նրանով, որ հիվանդ խոզերը պահվել են հիմնականում անտառներում, կերակրումն, ինձ թվում է, միայն կաղնով է եղել, ցուրտն էլ նպաստել է, օրգանիզմի դիմադրողականությունն ընկել է: Կամ կերային թունավորումն է. դա է իմ հիմնական ախտորոշումը»: Անասնաբույժն ասում է, որ իրենք կատարում են պատվաստում «կլասիկ չումա» հիվանդության դեմ, որն արվում է պետպատվերի շրջանակներում՝ անվճար: Ասում է՝ ապահովված են անհրաժեշտ դեղորայքով:

Առջևում Նոր տարի է, բայց վնասներ կրած գյուղացիները այն նշելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ՝ միջոցներ: Չգիտեն՝ ինչպես մարել բանկերին ունեցած վարկերն ու տոկոսները: Իսկ խոզերի անկումը շարունակվում է:
No comments:
Post a Comment