Saturday, March 15, 2014

Գետաձի


 Հին հռոմեացիները, Աֆրիկայում` Նեղոսի գետաբերանում, տեսնելով ծանրամարմին, դանդաղաշարժ ինչ-որ կենդանիների, նրանց անվանեցին հիպոպոտամ, որ  հունարեն նշանակում  է գետաձի: Բայց գետաձին միայն ձիու պես փռնչացնում է, իսկ ընդհանուր առմամբ նրան ամենևին նման չէ:
Գետաձիերը կազմում են ոչ որոճողների կարգի երկկճղակավոր կաթնասունների առանձին ընտանիք: Հայտնի է 2 տեսակ՝ սովորական գետաձի և լիբերիական կամ թզուկ գետաձի:
Սովորական գետաձին խոշոր խոտակեր կենդանի է: Մարմնի երկարությունը հասնում է 4,5 մ-ի, բարձրությունը՝ մոտ 1,5 մ-ի, կենդանի զանգվածը՝ 3–4,5 տ (ձագերը ծնվում են 35–40 կգ քաշով): Գետաձիու մարմինը երկարավուն է, մաշկը՝ հաստ, գրեթե մերկ, գորշ ու փայլուն:
 Գլուխը մեծ է, դունչը՝ լայն, աչքերը փոքր են, ականջները՝ կարճ: Աչքերը տեղավորված են գլխի վերին մասում՝ թմբիկների վրա, ինչպես գորտինը կամ կոկորդիլոսինը: Թմբիկավոր են նաև ռունգերը: Դա շատ հարմար է, քանի որ կարելի է, սուզանավի ջրադիտակների նման, ջրից դուրս թողնել միայն աչքերի ու ռունգերի «կղզյակները»:
Գետաձիու ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով:
Գետաձիերն ապրում են հոտերով, օրվա մեծ մասն անցկացնում են ջրում և սնվում ջրային բույսերով: Ունենում են 1 ձագ:
Գետաձիերին մոտենալը վտանգավոր է, նրանք կարող են հարձակվել ոչ միայն մարդկանց, այլև նույնիսկ նավակների վրա և հզոր ծնոտներով ջարդուփշուր անել դրանք: Նրանց երախն ահռելի է, իսկ ժանիքները 70 սմ երկարություն ունեն:
Երբեմն, ավելի հաճախ` գիշերը, գետաձիերն ափ են դուրս գալիս և սնվում հյութալի բույսերով, ժամանակ առ ժամանակ գետամերձ դաշտերում ուտում են իրենց շատ սիրած եգիպտացորենը:
Գետաձիերին որսացել են նրանց մսի, կաշվի, արժեքավոր ժանիքների համար:
Լիբերիական կամ թզուկ գետաձիու մարմինը համեմատաբար փոքր է (երկարությունը՝ 1,5–1,75 մ, բարձրությունը՝ մինչև 1 մ, կենդանի զանգվածը՝ 160–240 կգ): Ապրում է արևադարձային անտառների ջրամերձ վայրերում: Սնվում է բույսերի արմատներով ու արմատապտուղներով: Չնայած պահպանման համար ձեռնարկված միջոցներին՝ թզուկ գետաձիերի թիվը նույնպես խիստ կրճատվել է, և նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

  • Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում գրեթե բոլոր գետաձիերը ոչնչացվել են: Այժմ նրանց կարելի է հանդիպել միայն Հասարակածային Աֆրիկայում, այն էլ՝ արգելոցներում:






No comments:

Post a Comment