Tuesday, March 18, 2014

Ճանճեր






Ճանճերը լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում: Հայտնի է 80 հզ., ՀՀ-ում՝ մոտ 40 տեսակ:
Մանր ու միջին մեծության միջատներ են (մարմնի երկարությունը՝ մի քանի միլիմետրից մինչև 15 մմ): Մարմինը հիմնականում մոխրագույն է կամ սև, հազվադեպ՝ դեղին կամ մետաղական կապույտ: Ունեն 1 զույգ թափանցիկ թևեր, հազվադեպ անթև են: Գլուխը, կուրծքը և ոտքերը ծածկված են բազմաթիվ մազիկներով ու խոզաններով: Բերանային ապարատը լիզող-ծծող է, բեղիկները կարճ են:
Սնվում են ծաղիկների նեկտարով, բույսերի հյութերով, նեխող օրգանական նյութերով, գոմաղբով, մարդու և կենդանիների արյունով: Որոշ տեսակներ գիշատիչներ են (սնվում են իրենց զոհի ներքին օրգաններով): Ճանճերի թրթուրները որդանման են, անոտ, ունեն լավ զարգացած բերանային հավելվածներ՝ կարթեր: Տեսակների մեծամասնության թրթուրներն ապրում են քայքայվող օրգանական մնացորդներում և արտադրում են մարսողական ֆերմենտներ, որոնք մասնակցում են սննդանյութերի արագ մարսմանն օրգանիզմից դուրս: Այնուհետև մարսված սնունդը կուլ են տալիս և յուրացնում:
Որոշ ճանճերի (օրինակ՝ բոռերի) թրթուրները կաթնասուն կենդանիների (տավար, ոչխար, ձի) և մարդու մակաբույծներ են:
Ճանճերից ամենատարածվածը և մարդու մշտական ուղեկիցը սենյակային ճանճն է, որի հասուն ձևերը սնվում են կենդանական և բուսական ծագման պինդ ու հեղուկ նյութերով, իսկ թրթուրները զարգանում են գոմաղբում, կեղտաջրերի փոսերում, աղբանոցներում: Սենյակային ճանճերը տալիս են տարեկան 8 սերունդ. ձվից անցումը հասուն ճանճի տևում է 7 օր: Այս ճանճերը աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ) տարածողներ են:
Ամենուրեք տարածված են նաև աշնանային խայթաճանճերը: Արտաքինից նման են սենյակային ճանճին, սակայն տարբերվում են դեպի առաջ ձգված ամուր կնճիթով: Այս ճանճերը սնվում են տաքարյուն կենդանիների արյունով, հարձակվում են մարդկանց վրա: Մարդկանց բնակարաններում սովորական են նաև պտղաճանճերը (դրոզոֆիլներ), որոնց թրթուրներն ապրում են փչացող պտուղների և բանջարեղենի վրա: Այս խմբի որոշ տեսակներ (հատկապես` սևափոր պտղաճանճը) աճման կարճատև փուլի, հեշտությամբ բազմանալու և բարձր պտղաբերության ու մեծ փոփոխականության շնորհիվ գենետիկական հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են:
Բուսակեր ճանճերը (բալի, կաղամբի, սեխի, շվեդական) վնասում են գյուղատնտեսական մշակաբույսերը: Կան նաև ճանճերի օգտակար տեսակներ, որոնք նպաստում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում վնասատու միջատներին:
Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի լավագույն եղանակներն են միջատասպան միջոցների օգտագործումն ու սանիտարահիգիենային կանոնների պահպանումը:

No comments:

Post a Comment